Հոգեբանական դիտում, նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը ՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։