Սասունի ապստամբություն 1904 թվական, Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ, Սասունի հայերին բնաջնջելու նպատակով թուրքական կառավարության 1904 թվականին ձեռնարկած խոշոր արշավանք։1904 թվականի ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումները»։ 1904 թվականի ապրիլի 11-ին Բիթլիսի նահանգապետի առաջնորդությամբ թուրքական զորքերը, ոստիկանական ուժերն ու քրդական աշիրեթները կենտրոնացել են քրդաբնակ Շեն գյուղում։ Նրանք ծրագրել էին աննկատ մոտենալ Շենիկ գյուղին և այնտեղից անսպասելիորեն գրոհել Սեմալի վրա։ Նույն օրը 700 հեծյալ թուրք զինվորներ սրարշավ ներխուժում են գյուղ, սակայն Սեմալում վաղօրոք դիրքավորված հայ մարտական ուժերը, որոնց առաջնորդում էր Հրայր Դժոխքը, ժամանակին նկատել են հակառակորդի պատրաստությունները և հարձակվել են քրդերի և թուրքական զինված ուժերի վրա։

Բիթլիսի կուսակալը մեկ անգամ ևս փորձել է խաբեությամբ ծուղակի մեջ գցել Սասունի մարտական ուժերի հրամանատարությանը։ Ապրիլի 12-ի երեկոյան կուսակալը Սասնո առաջնորդների հետ բանակցելու նպատակով նոր պատվիրակություն է ուղարկել Սեմա՝ այդպիսով հայ մարտական ուժերի հրամանատարներին հեռացնելով ճակատից, նրանց հավաքել մի տեղում և ապա նոր ձեռնարկել հարձակումը։

1904 թվականի ապրիլի 13-ի առավոտյան թուրքական զորամասերն ու քրդական հրոսակախմբերը անցել են հարձակման։ Փոքրաթիվ հայ ֆիդայիներին հաջողվել է հակահարված տալ, սակայն հնարավոր չի եղել երկարատև դիմադրություն ցույց տալ, գյուղի բնակչությունը դժվարությամբ թողել է գյուղն ու շարժվել Գելիեգուզանի ուղղությամբ։ Հակառակորդի գրոհներից մեկի ժամանակ վիրավորվել է Սեպուհը։ Այնուհետև զոհվել է Հրայր Դժոխքը։Ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և Ալուճակի բարձունքները։ Անզեն ժողովուրդը նահանջել է Մշո դաշտ, իսկ ֆիդայիները մինչև 1904 թվականի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։